Նրանք անմիջապես դառնում են ամենաքննարկվածը՝ հարյուր հազարավոր դիտումներ հավաքելով youtub-ում և տարբեր սոցիալական հարթակներում: Նրանց մասին խոսում են, կիսվում հղումներով... ինչո՞ւ... որովհետև նրանք իսկական անտաղանդներ են... Կա՞ արդյոք մեկը, որ չի ճանաչում հայկական Թոնիին, Իսահակին, Ջասթին Բիբերին և նրանց նման այլ պատուհասների, որոնք հայրենական շոու ծրագրերի թեթև ձեռքով եկան՝ առանց այն էլ մեր խեղաթյուրված իրականությունը արժեզրկելու: Իսկ ահա նրանց ֆոնին երկրորդ պլանում են մնում շատ ու շատ շնորհալի մարդիկ, ովքեր իրոք աշխատում են, ովքեր ունեն լուրջ պոտենցիալ, սակայն, ցավոք, մենք այլևս չենք ուզում լուրջը, իրականը, լավը... մեզ հարկավոր է էժանագին շոու՝ իր բոլոր բաղկացուցիչ մասերով...
Եվ ահա օրերս՝ հերթական յութուբյան դեգերումների ընթացքում, ինձ համար մի բացահայտում արեցի՝ Ռոբ Ավալյանի "Առանց քեզ" երգը: Երգիչ, ով առաջին քայլերն է անում երգարվեստում, սակայն թե՛ ձայնային տվյալներով, թե՛ մատուցմամբ ու կատարողականությամբ անմիջապես առանձնանում է ընդհանուրի ֆոնի վրա... Արդեն մոտ վեց օր է անցել համացանցային պրեմիերայից, սակայն տեսահոլովակը դիտել են ընդամենը 6000 բաժանորդ... իսկ եթե դա լիներ հերթական միմոսություն, ապա, վստահ եմ, այժմ ողջ համացանցը կպայթեր: Իսկ Ռոբը, ըստ իս, իր ուրույն՝ փոփ-ռոք ոճով ունի բոլոր նախադրյալները՝ մեր երաժշտական իրականության մեջ նոր շունչ բերելու:
Առաջարկում եմ դիտել տեսահոլովակը ու փորձել կարծիք հայտնել: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ սա դեռ առաջին քայլն է, որ դեռ շտկելու և աճելու շատ տեղ կա, բայց և այնպես չի կարելի չնկատել ու չխրախուսել լավն ու դրականը:
Ի դեպ, բուն տեսահոլովակի հետ կապված ինքս էլ ունեմ մի շարք դիտողություններ: Սակայն, երբ պարզեցի, որ ռեժիսորական աշխատանքը հենց երգիչն է իր վրա վերցրել, լցվեցի մի տեսակ հարգանքի զգացումով առ այն լուսավոր նպատակը, որ այս երիտասարդն է իր առաջ դրել՝ հասնել երազանքին՝ առանց հարուստ "պապայի" և կամ անհայտ հովանավորների ֆինանսական օգնության, անել ամեն ինչ սեփական ուժերով, ինչը, հավատացե՛ք, այնքան էլ հեշտ չէ, և հատուկ է ուժեղ մարդկանց...
Դե ինչ, դիտե՛ք ու քաջալերե՛ք, իսկ ես շարունակեմ որոնումները՝ նոր ձայներ ու որակներ բացահայտելու անմար հույսով ;)