Ողջո՜ւյն, սիրելի՛ ընթերցող: Մարտի 8-ին և կանանց միամսյակին ընդառաջ` Pahooo բլոգը ձեզ է ներկայացնում հետաքրքիր գաղափար` ձեր սիրելի կանանց, ընկերուհիներին, քույրերին ու մայրերին անակնկալ մատուցելու համար: Հիշե՛ք, ցանկացած կնոջ համար շատ ավելի կարևոր է անականկալին ստեղծագործական մոտեցումը, քան դրա արժեքը: Եվ այսպես պատրաստում ենք թղթե ժպտերես ծաղիկներ մեր սիրելիների համար:
Դրա համար մեզ հարկավոր է գունավոր թուղթ, սոսինձ, մկրատ, գունավոր մատիտներ, ժապավեն և ցանցակտոր, կամ ցանկացած այլ կտոր` փունջը փաթաթելու համար:
Իսկ այժմ պատրաստման եղանակը` քայլ առ քայլ...
Գոյություն ունեն նման կաղապարներ, որոնցով կարելի է տարբեր պատկերներ կտրատել: Բայց եթե չունեք, հո՛գ չէ: Թղթի վրա նկարում եք ծաղիկը և մկրատով կտրում: Յուրաքանչյուր գույնից մեզ հարկավոր են ամենաքիչը մեկ զույգ միաչափ թերթիկներ, քանի որ մեր ծաղիկները երկկողմանի են լինելու:
Նույն կերպ վարվում ենք ժպիտների հետ: Բայց այն հաշվարկով, որ դրանք պիտի տեղադրվեն ծաղիկների կենտրոնում` հետևաբար ուշադրություն ենք դարձնում համաչափությանը: Եթե չկա կաղապար, ապա սպիտակ թղթից շրջաններ ենք պատրաստում և գունավոր մատիտներով ժպիտներ նկարում:
Ամեն ծաղկին մեկ կողմից փակցնում ենք ժպիտը:
Այնուհետև մատների օգնությամբ ծաղկաթերթերը թեթև առաջ ենք ծալում` ծաղիկներին ծավալ հաղորդելու համար:
Ստվարաթղթից կտրատում ենք ձողեր` ծաղիկների ցողունների համար:
Եթե մեր ցողունները բարակ են, ապա կարելի է մի քանի հատ սոսնձել միմյանց` դրանք ավելի ամուր դարձնելու համար:
Այնուհետև ցողուններին երկու կողմից փակցնում ենք ծաղկաժպիտները:
Պատրաստի ծաղիկները նույնպես սոսնձում ենք միմյանց և շարունակում հավաքել փունջը:
Կանաչ թուղթը մեջտեղից ծալում ենք և զիգզագաձև մկրատով կորաձև եզր կտրում: Այնուհետև ծալված տրևը կտրատում ենք նկարի օրինակով:
Տերևները նույնպես միացնում ենք մեր ծաղիկներին, փունջը ձևավորում ցանցակտորով և ժապավենով:
Մեր ժպտերես ծաղկեփունջը պատրաստ է:
Մենք ձեզ վստահեցնում ենք, որ այս ծաղկեփունջը J'Adore L'Ore օծանելիքի և Wispa Gold շոկոլադի ուղեկցությամբ ուղղակի ցնցող ազդեցություն կունենա ձեր սիրելիի վրա :)))))))
ՀԳ. Իսկ եթե ավելի լուրջ, ապա անկախ այն փաստից` կնվիրեք թղթե հասարակ ծաղիկներ, թե մի մեքենա թանկարժեք հոլանդական վարդեր, արե՛ք դա սիրով և անկեղծ, քանի որ ծաղիկներն ու նվերները հնանում, անցնում են, մնայուն են զգացմունքները:
Շնորհավո՛ր, սիրելի՛ կանայք: