Ողջո՜ւյն, սիրելի′ ընթերցող: Որոշել եմ պարբերաբար անդրադարձներ անել մեր երկրի հրաշք վայրերին ու պատմական կոթողներին: Հուսով եմ պատեհական հեռացումս շոՎու-բիզնեսյան թոհուբոհից չի հիասթափեցնի քեզ: Խոսելով հայրենիքիս հրաշալիքների մասին՝ կփորձեմ լինել առավել օբյեկտիվ ու հետաքրքիր՝ իրերը կոչելով իրենց անուններով: Թո′ղ ինձ ներեն բոլոր այն մարդիկ, ում դուր չի գա քննադատական տոնս, սակայն այն բխում է սրտացավությունից:
Այսօր քեզ եմ ներկայացնում հանրապետության հարավային մարզում՝ Սյունիքում գտնվող պատմական Խնձորեսկի մասին անդրադարձս:
Խնձորեսկը գտնվում է Գորիս քաղաքից 8 կմ արևելք, ծովի մակարդակից 1580մ բարձրության վրա՝ Սյունյաց հրաշալի բնության մեջ: Գյուղի հարյուրից ավելի ժայռափոր տները սփռված են գեղատեսիլ կիրճի երկու մասերում: Մինչև 1958 թ. այստեղ զարմանալիորեն բնակվում էին մարդիկ՝ հրաժարվելով լքել իրենց՝ հազարամյակների փորձությունն անցած ու բնության կողմից պաշտպանված ապահով բնակատեղին:
Խնձորեսկը կարևոր ուխտատեղի է նաև բազմաթիվ հայորդիների համար, քանի որ այստեղ են ամփոփված նաև XVIII դարում թուրքերի ու պարսիկների դեմ մղվով ազգային-ազատագրական պայքարի հերոս Մխիթար Սպարապետի ու նրա որդու՝ Ահարոնի աճյունները:
Այս տարի տուրիզմի զարգացմանը խթանելու նպատակով Խնձորեսկում կառուցվեց գյուղի երկու մասերն իրար միացնող ճոճվող կամուրջը, որը դեպի իրեն է ձգում էքստրիմի սիրահարներին: Կամուրջը մետաղից է, 160 մ երկարությամբ ու 1,8 մ լայնությամբ, գտնվում է 63 մ բարձրության վրա ու կշռում 14 տոննա:
Հին Խնձորեսկը պատմական հուշարձան է ու գտնվում է պետության ”պաշտպանության” ու ”հոգածության” ներքո:
Դե իսկ ինչու եմ որոշ բառեր վերցրել չակերտների մեջ, հաջորդիվ նկարների տեսքով:
Եվ, վերջապես, տեսանյութ ճոճվող կամուրջից, վայելի′ր:
Բայց միևնույնն է, սա պետք է անձամբ տեսնել:
Իսկ վերջում մի խնդրանք, աղերս բոլոր պատկան մարմիններին, ովքեր ”մտահոգված” են Հայաստանում ու հատկապես Խնձորեսկում տուրիզմի զարգացմամբ, նորոգե′ք դեպի դիտակետ տանող ճանապարհը: Ամեն ինչից առավել՝ տուրիստները սիրում են ապահով ու հանգիստ ճանապարհներ: Շնորհակալություն: