17.01.2015

Կիռա Շվառց. «Ինչի հայը մարդ չի՞»



Օրեր առաջ հայկական համացանցը «ցնցվում էր» Երևանում բնակվող մի աղջկա մասին պատմող ֆոտոնյութից: Նյութը վերնագրված էր  «Ոչ ոք չէր պատկերացնում, որ հայուհին կարող էր նման բան անել, 18+» և առաջին անգամ հրապարակվեց բոլորին հայտնի BlogNews.am կայքում, այնուհետև կայծակնային արագությամբ տարածվեց մնացած կայքերով: Մեր մեջ ասած՝ բնական էր, որ այդ նյութն այդպես արագ տարածվեց, չէ՞ որ մեր հասարակությունը դեռևս «կուլ է տալիս» նման խայծն ու տրվում ինֆորմացիոն մանիպուլյացիաների:
Առաջացան բազմաթիվ հարցեր նաև հենց նյութի մեկնաբանություններում: Մեզ էլ էր հետաքրքիր, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ով է այդ աղջիկը և ինչպես մեկ օրում նա դարձավ հայկական համացանցի «հիթը»: Եվ այսպես, մենք հանդիպեցինք լեզվաբան-բանասեր Կիռա Շվառցին: Զրույցի մանրամասները ստորև.



- Բարև, Կիռա՛: Սկսենք ամենասկզբից: Ինչպե՞ս ստացվեց, որ մեկ օրում դարձար հայկական համացանցի թիվ մեկ քննարկվող դեմքը:

- Ողջույն: Թե դա ինչպես տեղի ունեցավ, ավելի լավ է հարցնեք կայքերին, ովքեր առանձնակի նվիրումով տարածեցին իմ ֆեյսբուքյան էջի նկարները, ի դեպ, առանց իմ իմացության՝ չհարգելով մարդու, քաղաքացու անձնական կյանքն ու տարածքը: Չեմ կարող չանդրադառնալ այն անհեթեթ վերնագրին, որի տակ գրված էր այդ հոդվածը. ի՞նչ 18+, ի՞նչն է այդտեղ 18+, ծիծաղելի է: Եվ ի՞նչ է նշանակում «ոչ ոք չէր պատկերացնում, որ հայուհին կարող էր նման բան անել»: Ընդամենը կմեջբերեմ նյութի տակ տեղ գտած մեկնաբանություններից մեկը. «Ինչի հայը, հայուհին մարդ չի՞»:

- Կիռա՛, ապրել մի միջավայրում, որտեղ դեռևս այլ արտաքին ունենալը «18+» ժանր է համարվում, համարձակություն չի՞ պահանջում:

-Մարդիկ շատ խոսեցին իմ համարձակության մասին և, առհասարակ, հաճախ են իմ այս կամ այն քայլն անվանում համարձակ, բայց ինձ մոտ պարզապես դա այլ կերպ է, երբ խոսքը գնում է համարձակության մասին: Շատ դեպքերում ինձ համար համարձակության խնդիր չկա, «это у меня в порядке вещей», և ես չեմ էլ կռահում, որ դա կարող է որոշ մարդկանց համար շատ համարձակ և/կամ դատապարտելի քայլ լինել, իսկ պատկերացնելու դեպքում էլ դա ինձ չի կանգնեցնում: Ինչը միայն ինձ է վերաբերվում՝ դա միայն ինձ է վերաբերվում, և ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ ինչ-որ մեկն իրավունք ունի միջամտելու, տնօրինելու զուտ իմ անձի հետ կապված որոշումները: Ամեն մարդ իրավունք ունի ապրելու այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Ես շատերից եմ լսել, որ կուզեին այսպիսին լինել, այնպիսին լինել, այս անել, այն անել, բայց համարձակությունը չի ներում իրենց պատկերացրած, երազած կյանքով ապրել: Ինձ մի բան է հետաքրքրում. երբ նրանք ծերանան, արդյոք չե՞ն մտածելու, որ «կյանքը կողքներով է անցել»: Երբեմն պատահում է, որ օրը ապարդյուն ենք անցկացնում և օրվա վերջում ափսոսում ենք այդ կորցրած օրվա համար. մի՞թե այդ մարդիկ այդ նույն կերպ չեն ափսոսալու այս անգամ ամբողջ կյանքի համար, որը ապրել են մի գծված սխեմայով ու չեն արել ոչ մի հուզիչ, ցնցող, արյունը եռացնող, կենդանության զգացողությունն արթնացնող արարք, նախագիծ:
Երբեմն անգամ չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ համարձակության գործոնը մեջբերում: Օրինակ՝ այս փիրսինգների դեպքի համար համարձակությունը եթե ցավի վերաբերյալ է, նախ ասեմ, որ մինչև առաջին փիրսինգն անելը չէի պատկերացրել ցավի ուժգնության իրական չափը. վստահ կարող եմ ասել, որ այդ 21 փիրսինգը, որը, իմիջիայլոց, արել եմ իմ 21 տարեկան հասակում, կյանքումս զգացած ամենամեծ ֆիզիկական ցավն էր: Առաջին փիրսն անելուց հետո նույնիսկ ստիպված եղանք ես ու փիրսերը կրկին խորհուրդ անել և որոշում կայացնել՝ շարունակել, իրագործել մեր նախագիծը, թե՝ ոչ: Բայց, քանի որ ես սիրում եմ սկսածն ավարտին հասցնել, խոսքերից ետ չկանգնել, որոշեցի այդպես էլ անել: Եվ հետո՝ del-ի միավորը՝ ցավի հանդեպ դիմացկունությունն ինձ մոտ կարծում եմ բարձր ցուցանիշ ունի, ինչը, դժվարություններ հաղթահարել սիրելու հետ համատեղ, օգնեցին, որ նույնիսկ ցավի իրական չափն իմանալուց հետո միտքս չփոխեմ:
Իսկ եթե հասարակության կարծիքին, վերաբերմունքին է վերաբերվում համարձակությունը, ինձ համար որոշիչ չէ հասարակության կարծիքը, եթե ես համոզված եմ իմ քայլերում, իմ ընտրությունների մեջ: Ես եմ իմ կյանքի ու կամքի տերը: Դա ամեն մեկն ինքն իր համար պետք է հիշի:
Շատ եմ հանդիպում մարդկանց, ովքեր ապրում են՝ հրաժարված իրենց ցանկություններից, և նրանք անգամ չգիտեն, որ սխալ են այդպես վարվում: Ես անկեղծ զարմանում եմ, թե ինչպես այդ մարդիկ չեն ատում այն մարդկանց, ում պատճառով որ հրաժարվում են իրենց ցանկություններից: Մարդի՛կ, երբ դուք մանուկ էիք, և ձեր ծնողը դեմ էր գնում ձեր որևէ մանկական, ասենք՝ բակում խաղալու ցանկությանը, դուք նեղանում էիք, վրդովվում էիք, ջղայնանում էիք, անգամ այդ պահին կարծես փոքր-ինչ ատելություն էիք զգում… Ի՞նչ պատահեց ձեզ հիմա: Ինչու՞ վարժվեցիք ուրիշի ցանկություններով, թելադրանքով ապրելուն, այն դեպքում, երբ այժմ ավելի հասուն եք, ավելի ինքնուրույն, ավելի իրավասու: Ինչու՞ եք վախենում մերժվելուց: Այն մարդիկ, ովքեր մերժում են ձեզ, պետք է համապատասխանաբար մերժվեն նաև ձեր կողմից: Դուք ինչպե՞ս եք հանդուրժում այն մարդկանց, ովքեր որ գիտեք, որ ձեզ չեն ընդունի, եթե դուք հասարակության կողմից անընդունելի, բայց ինքնին ոչ մի բացասական բնույթ չկրող քայլ անեք: Ինչպե՞ս դա ձեզ համար վիրավորական չէ: Այդ մարդիկ, փաստորեն, չեն գնահատում ձեր անձնային հատկանիշներն ու ձեզ: Ձեր և նրանց միջև չկա իրականում այդ բարեկամական, ընկերական կապը: Դրանից ելնելով էլ այդ թվացյալ բարեկամությունը, ընկերությունը այդքան հեշտ է չեզոքանում անհիմն պատճառներով:



- Ի՞նչ ես կարծում, ի՞նչն է հասարակության բացասական վերաբերմունքի, երբեմն էլ ագրեսիայի պատճառը նման երևույթներին:

-  Ես կարող եմ սահմանել, որ մարդկանց բացասական  ռեակցիայի պատճառը այս կամ այն երևույթի նկատմամբ հաճախ բխում է դրա հետ ծանոթ չլինելուց, դրան սովոր չլինելուց:
Ծնողներս գրեթե երբեք կատեգորիկ չեն արգելում ինձ ոչինչ: Բախտ ունեմ ուրիշի կարծիքը, ցանկությունը, ազատությունը հարգող ծնողներ ունենալ: Երբեմն ընդհարումներ լինում են (դրանք հիմնականում պատահում են, երբ նոր մի բան եմ «մոգոնում»), բայց ես պատրաստ եմ կռիվ տալ իմ ազատության համար, որքան որ հարկավոր է:
Հիմա փորձենք հասնել հասարակության խնդրին: Ինչու՞մ է կայանում հասարակության համար խնդիրը կոնկրետ այս փիրսինգային պատմության հետ կապված:
Գեղեցի՞կ չէ: Գեղեցկությունն ամենահարաբերական երևույթներից է: Ինչը գեղեցիկ չէ քեզ համար, գեղեցիկ է մեկ ուրիշի համար: Եվ հետո, պարտադիր չէ, որ ամեն ինչ գեղեցիկ լինի:
Տհա՞ճ է: Մի՛ նայիր: Քեզ զբաղացրու քեզ համար հաճելի երևույթներով՝ ժամերով նկարներին նայելու, հիմար մեկնաբանություններ անելու և ուրիշների հետ այդ մասին քննարկելու փոխարեն:
Ահասարսու՞ռ է: Գրազ կգամ, որ ավելի ահասարսուռ տեսարանների ես ականատես եղել ու մեծամասամբ հենց քո ցանկությամբ ու նախաձեռնությամբ:
Վտանգավո՞ր է: Ալպինիզմից ավելի շատ մարդ է մահանում, քան փիրսինգ անելուց, բայց ոչ ոք պարսավելի զբաղմունք չի համարում ալպինիզմը:
Եվ մի հարց է շատ հնչում. ԻՄԱ՞ՍՏԸ: Իմաստը եթե չես հասկացել, թերևս, բացատրելուց հետո էլ չհասկանաս: Իսկ հասկացողը առանց բացատրության կհասկանա: Բայց եթե ընդհանրական փորձեմ բացատրել, անուն տալ դրդապատճառին, դա կլինի՝ հաճույք, ուժեղ էմոցիաների հոսքի կարիք: Ինչպե՞ս, ինչի՞ց է մարդկության մեծամասնությունը հաճույք ստանում. ծխելուց և խմելուց: Ո՛չ ծխել եմ սիրում, ո՛չ խմել: Ինձ էլ սա է հաճույք պատճառում: Հիմա ասեք՝ ծխելն ու խմե՞լն են ավելի վտանգավոր, վնասակար, թե՞ փիրսինգ անելը: Պատասխանն ակնհայտ է:
Հատուկ այն խելոքների համար, ովքեր կհարցնեն «իսկ ինչու՞ ես հենց սրանից հաճույք ստանում, այլ ոչ թե այլ զբաղմունքներից», միանգամից պատասխանեմ, որ միայն սա չէ իմ նախասիրությունը: Սիրում եմ նաև երաժշտություն, կինո, անիմե, քոսփլեյ, ընթերցանություն, լեզուներ ուսումնասիրել, ստեղծագործել, կոմպյուտերային խաղեր ու ևս մի քանի զբաղմունք: Bodyart-ը նույնպես մտնում է իմ նախասիրությունների ցանկի մեջ և պատրաստվում եմ դրա մեկ այլ տեսակը շուտով փորձել:



- Բարի, անդրադառնանք աղմուկ բարձրացրած ֆոտոներին, որտեղ փիրսինգի պրոցեսն էր ցուցադրվում: Առաջացան բազմաթիվ հարցեր: Նախ ինչպե՞ս դրանք հայտնվեցին համացանցում:

Հունվարի 9-ին , երբ մտա իմ FB պրոֆիլ, առաջին (BlogNews) կայքում արդեն տեղադրված էր նյութը, բայց ես դեռ չգիտեի այդ մասին և զարմանում էի ամեն րոպե FRIEND REQUEST և տարօրինակ ու անհասկանալի բովանդակությամբ նամակներ ստանալով անծանոթներից, երբ իմ FRIEND-ներից մեկն ուղարկեց ինձ նյութն ու ես վերջապես հասկացա, թե ինչ է կատարվում: Առանց իմ թույլտվությունը հարցնելու հոդված պատրաստելը՝ մի կողմ, բայց ես, անկեղծ ասած, իսկապես չեմ հասկանում իմ ֆեյսբուքյան անունը հոդվածում հիշատակելու իմաստը, և կուզեի լսել BlogNews-ի պատասխանն այս հարցի վերաբերյալ:
Այնուհետև  նյութը (առանց մի տառ, առանց մի գիծ փոխվելու) շղթայական ռեակցիայով հայտնվեց նաև այլ կայքերում: Հետո սկսվեց մարդկանց share-ելն իրենց ֆեյսբուքյան պրոֆիլներում և քննարկումները՝ FACEBOOK-ում, այլ կայքերում և համացանցից դուրս:
Նշեմ, որ այդպես էլ ոչ մի կայքի կամ ֆեյսբուքյան էջի մտքով չանցավ, որ գուցե արժե իմ թույլտվությունը հարցնել իմ մասին նյութ տեղադրելուց առաջ:

- Օգտատերերը մի հարց էլ էին ակտիվ քննարկում: Վերջիվերջո դա միայն փիրսի՞նգ էր , թե՞ նաև տատու:

- Այն, ինչ տեսնում եք նկարում, միայն փիրսինգ էր: Այն, ինչ տատուի տպավորություն է թողնում որոշ մարդկանց մոտ, ժապավեն է: Սև և կարմիր ժապավեններ, որոնք անցկացվել են պիրսինգների օղակների միջով և ծայրերը՝ սոսնձվել իրար:

Ի՞նչ պատկեր է կազմվել փիրսինգներով և ժապավեններով:

- RAMMSTEIN
խմբի լոգոն՝ տարբերանշանը:
RAMMSTEIN-
ն այն խումբն է, որը 2008 թ. ստիպել է ինձ սիրահարվել իրենց խմբին և  Rock ու Metal երաժշտական ժանրերին, սովորել գերմաներեն՝ հասկանալու նրանց անձամբ, այլ ոչ թե ուրիշների մեկնաբանությամբ, հատուկ վերաբերմունք ունենալ գերմանական ծագման ամեն պրոդուկտի նկատմամբ:

Ինչպե՞ս առաջացավ այս փիրսինգային կոմպոզիցիան անելու միտքը և ինչպե՞ս որոշեցիր ներգրավվել այդ նախագծում:

-
Մտահաղացումը փիրսերինն է եղել: Վահագը (FACEBOOK-ում՝ Vahagn Piercing Mamyan), Երևանի ամենահայտնի փիրսերներից մեկն է, եթե ոչ ամենահայտնին: Նա իսկապես սիրում է իր գործը և, որպես առաջատար իր գործում, ցանկանում էր մի աշխատանք անել, որը դեռևս Հայաստանում չէր արվել՝ փիրսինգներով պատկեր կազմել: Իսկ պատկերը որոշելիս՝ ուրիշ ի՞նչ, եթե ոչ իմ սիրելի RAMMSTEIN-ի լոգոն:
Երբ լսեցի փիրսերի միտքը, մեջս միանգամից հետաքրքրություն և ցանկություն առաջացավ դրա մասը դառնալու: Նա վաղուց ցանկանում էր կյանքի կոչել այս պրոեկտը, և ես բախտավոր եմ, որ դրա համար մոդել լինելու առաջարկը ստացա, իսկ նա բախտավոր է, որ գտավ ինձ:


  
- Ի դեպ, որոշ մարդիկ շտապեցին համացանցում քեզ էմո կնքել, դա այդպե՞ս է: 

- Ոչ: Եթե մարդ տարբերվում է իր տեսքով և ապրելակերպով հասարակության շատ անդամներից, չի նշանակում, որ նա էմո է:

- Ի՞նչ կասես այն մարդկանց, ովքեր դառնում են նմանօրինակ ինֆորմացիոն մանիպուլացիաների զոհ՝ դիտումներ ապահովելով տարատեսակ կայքերի համար և այլոց կյանքը դարձնում են քննարկման առարկա՝ լցնելով սեփական կյանքը, պիտակավորում ու անհիմն վիրավորում՝ չճանաչելով մարդուն ու նրա տեսակը

- Պարզապես պետք չէ այդքան խավարամիտ լինել և այդքան նեղ մտածելակերպ ունենալ: Աշխարհը ձեր շուրջ չէ պտտվում և աշխարհը ձերը չէ ու մարդիկ էլ ձեր տիրապետության տակ չեն գտնվում: Հարգե՛ք դիմացինի ազատությունը և մի՛ դատեք՝ նրան թվացյալ հատկանիշներ վերագրելով: Եթե մարդու պիրսինգներից կարող եք եզրակացություն կազմել նրա բարության, ազնվության, արդարության, ինտելեկտի և այլ կարևոր հատկանիշների առկայության կամ ծավալի մասին, ապա բռա՛վո: Չեմ կարող ասել, որ երբեք ոչ մեկի չեմ վնասել, բայց և ոչ ոք չի կարող փաստել, որ երբեք նրանից ոչ ոք վնաս չի կրել: Սակայն կարող եմ ասել, որ ինքս ինձ ավելի շատ եմ վնասել՝ ի օգուտ ուրիշի, քան ուրիշին՝ ի շահ ինձ: Չի կարելի մարդու մասին կարծիք կազմել առանց նրա հետ անձամբ ծանոթ լինելու, շփվելու: Այդ սխալը, պատահել է, ինքս էլ եմ թույլ տվել, բայց պետք է ճկուն միտք ունենալ և կարողանալ փոխել կարծիքներն ու դիքորոշումները:
Ներկա պահին ես խնդիր չունեմ մարդկանց հետ: Ես չեմ չարանում մարդկության հանդեպ, ինչ էլ պատահի: Ես հումանիստ եմ. սիրում եմ մարդկանց և նրանց հետ շփումը: Ձեզ էլ կոչ եմ անում, մարդի՛կ և, հատկապես, դեռահասնե՛ր, երբ հանդիպում եք վատ վերաբերմունքի, մի՛ հիասթափվեք և մի՛ չարացեք. հիշե՛ք և մտածե՛ք այն ամբողջ լավի մասին, որը պատահել է ձեզ հետ ձեր կյանքում և այն լավ մարդկանց մասին, ում ճանաչել եք և ճանաչում եք ու իմացե՛ք, որ ձեզ սպասում են նոր հաճելի իրադարձություններ և մարդկանց հետ հանդիպումներ, ծանոթություններ:

- Շնորհակալություն, Կիռա՛, հետաքրքիր զրույցի համար:

- Շնորհակալություն Ձեզ , ինչպես նաև բոլոր այն ծանոթ և անծանոթ մարդկանց, ովքեր ինձ հասկանում և աջակցում են: Բոլոր այն մարդկանց, ովքեր մեկնաբանություն են թողնում ֆեյսբուքյան էջերի և այլ կայքերի պոստերի տակ՝ փորձելով բացատրել հասարակության մյուս հատվածին, որ դատապարտելի ոչինչ չկա իմ արածի մեջ և բոլոր այն մարդկանց, ովքեր այդքան անձնական նամակներ են ինձ գրում՝ արտահայտելով իրենց համակրանքը, քաջալերանքը, որոշները՝ հիացմունքը, որոշները՝ ուրախությունը և որոշները՝ հպարտությունն իմ գոյության համար հայ իրականության մեջ:



ՀԳ. Վստահ եմ, շատերդ լցվեցիք այն հարցով, թե ինչո՞ւ հանդիպեցի Կիռային և պատրաստեցի այս հարցազրույցը: Ցանկություն ունեի անձամբ լսելու նրան, հասկանալ, ինչ տեսակ մարդ է, ինչպես նաև տալ հնարավորություն նաև Քեզ, հարգելի՛ ընթերցող, կողմնորոշվել ինֆորմացիոն դաշտում, հագուրդ չտալ հայկական «լայքահավաք» կայքերի նյութերին և շտապ եզրակացություններ անել մտացածին վերնագրերից և լուռ ֆոտոներից:

ՀՀԳ. Վաղուց նման հետաքրքիր զրույց չէի ունեցել: Անկեղծ պիտի ասեմ, որ սկզբում ինձ էլ էր դժվար՝ հարմարվել նրա տարբերվող արտաքինին, բայց երբ լսում ես վարժ, գրագետ և փոխկապակցված միտք, երբ հասկանում ես, որ զրուցակիցդ ասելիք ունի, հասկանում ես, որ քո առջև անհատականություն է՝ վառ, տարբերվող, մի քիչ ուրիշ, բայց անհատականություն:

ՀՀԳ-2. Հա էս ել ասեմ, պարզվեց, Կիռան պոլիգլոտ է և 5 օտար լեզուների է տիրապետում: Գերմաներենն ու անգլերենն անձամբ ստուգեցի, մնացած լեզուներից, ափսոս, ինքս էլ տեղյակ չեմ )))


Եվ ևս մեկ խնդրանք-հորդոր. քննադատե՛ք երևույթները, եթե դրանք ձեզ դուր չեն եկել, բայց երբեք ո՛չ մարդուն, քանի որ դուք ինքներդ էլ այնքա՜ն հեռու եք կատարելությունից...

comments