2008թ.-ին թուրքական TRT6 հեռուստաալիքը թողարկեց նոր հեռուստանովել "AŞK - I MEMNU" վերնագրով, որը գրականորեն թարգմանվում է "Արգելված սեր": Փորձենք հակիրճ ներկայացնել այդ սերիալի հիմնական սյուժեն:
Սիրելի կնոջ մահվանից հետո ֆիլմի հերոսը` Ադնանը, ով նաև արվեստագետ է, մեկուսանում է բարձրաշխարհիկ կյանքից` իրեն նվիրելով երկու զավակներին` դստերը` Նիհալին և որդուն` Բյուլենտին: Իր ընտանիքի հետ նա ապրում է իր Ստամբուլյան առանձնատանը` կիսաֆրանսուհի դայակի և զարմիկի` Բեհլյուլի հետ: Սակայն նրա խաղաղ կյանքը մի վայրկյանում փոթորկում է երիտասարդ գեղեցկուհու` Բիհթերի հետ ծանոթությունը: Ադնանը սկսում է գիտակցել, որ
երբեմնի պատանու նման մինչև ականջները սիրահարվել է երիտասարդ աղջկան:
Սակայն աղջկա մայրը իր հերթին նկատում է, որ մեծահարուստ ու ներկայանալի Ադնանը բավական լավ թեկնածու է իր համար, և անցնում է հարձակման` նրա սիրտը գրավելու համար: Մոր և աղջկա միջև պայքարը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև Ադնանը ամուսնության առաջարկ է անում երիտասարդ Բիհթերին` տապալելով նրա մոր ծրագրերը...
Ամուսնությունից հետո նրանք սկսում են ներդաշնակ ու սիրառատ կյանք Ադնանի առանձնատանը` երջանկությամբ ու փոխադարձ վստահությամբ լի, սակայն նրանց խաղաղ կյանքը հանկարծակի տակնուվրա է լինում, քանզի պատահում է անսպասելին...
Այս հեռուստանովելը մեծ հաջողություն ունեցավ Թուրքիայում, այն թարգմանվեց և ցուցադրվեց նաև Ռուսաստանում: Իսկ 2013թ.-ին լատինամերիկյան սերիալներ արտադրող հայտնի Telemundo-ն սկսեց ֆիլմի ռիմեյքի աշխատանքները, որն անվանվեց "Արգելված կիրք/ Pasión Prohibida":
Մենք այսքան մանրամասն չէինք անդրադառնա այս հեռուստասերիալին, եթե.. Եթե օրերս "Շանթ" հեռուստաընկերության եթերում հայտնված "Կոտրված սրտեր" նոր սերիալը չունենար ակնհայտ նմանություններ վերոնշյալ ֆիլմի հետ: Ի տարբերություն "Շանթի" մեկ այլ "Անծանոթը" սերիալի, որը , ինչպես գիտենք նույնպես թուրքական սերիալի ռիմեյք է, և որտեղ ֆիլմը կրկնօրինակվել է կադր առ կադր, "Կոտրված սրտերի" դեպքում նման կրկնօրինակում չտեսանք (ուսումնասիրել ենք միայն առաջին սերիաները), սակայն սյուժետային նմանությունն անվիճելի է: Կարծում ենք, այն մարդիկ, ովքեր հետևում են այդ սերիալի զարգացումներին և ընթերցեցին թուրքական տարբերակի համառոտ նկարագրությունը, կհամաձայնեն մեզ հետ: Իսկ թե ինչո՞ւ է "Շանթը" լծվել թուրքական ֆիլմերի անորակ հայֆիկացման աշխատանքներին, հարց է, որին, հուսանք, կլինի պատասխան: Ու էստեղ բնավ էլ խնդիրն այն չէ, որ չունենք համապատասխան սցենարիստներ, ովքեր կարող են որակյալ ֆիլմեր ստեղծել, վստահ ենք, որ նրանք կան, և այն էլ չէ, թե կրկնօրինակման թիրախը թուրքական է, ուզբեկական, թե կանադական: Կրկնօրինակելիս ցանկալի կլիներ գոնե պահպանել օրիգինալ ֆիլմի որակական հատկանիշները:
ՀԳ. Մեր բլոգերներից մեկը, ով ներկա է եղել ֆիլմի առաջին սերիայի նկարահանումներին, կիսվեց մեզ հետ, որ հերթական անհաջող ֆիլմն է նկարահանվում, և անգամ գլխավոր հերոսների փայլուն դերասանական խաղն ի զորու չէ կոծկել այն թերացումները, որ կան ֆիլմի աշխատանքների ընթացքում:
ՀՀԳ. Համեմատելու համար ստորև ներկայացնում ենք երկու ֆիլմերի հղումները: