Էմմի Ուայնհաուսի հայրը գիրք է գրել դստեր մասին, որտեղ նա
բացահայտում է Էմմի կյանքի՝ դեռևս անհայտ կամ քիչ հայտնի դրվագները: 60-ամյա Միթչ Ուայնհաուսն իր գրքում պատմում է,
որ 27-ամյա այլընտրանքային երգչուհին, ով 2011-ի
հուլիսի 23-ին կյանքից հեռացավ, այլևս կախված
չէր թմրանյութերից, ավելին՝ նա արդեն բռնել
էր ալկոհոլային կախվածությունից հրաժարվելու ուղին, սակայն…
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միթչը նշել է, որ գիրքը
գրելիս նա իրեն բավական լավ էր զգում՝ չնայած, որ կրկին մտովի վերապրում էր դստեր հետ
անցկացրած ողջ ժամանակաընթացքը, սակայն երբ նա ընթերցել է արդեն տպագրության պատրաստ
նյութը, չի կարողացել զսպել արցունքները…
Միթչը չի թաքցրել նաև գրքի կոմերցիոն լինելու փաստը՝ ասելով,
որ իրեն գումար է հարկավոր իր իսկ հիմնած “Էմմի Ուայնհաուս” հիմանդրամի համար, որն,
ի դեպ, զբաղվում է տարբեր հիվանդություններից տառապող երեխաների խնամքի ու բուժման
հարցերով: Հիմնադրամի ստեղծման գաղափարը Միթչի մոտ ծնվել էր դեռևս այն ժամանակ, երբ
նա Նյու Յորքից Լոնդոն էր մեկնում ՝ դստեր հյուղարկավորությանը մասնակցելու:
256 էջանոց գրքում Միթչը փորձել է պատմել Էմմի ողջ կենսագրգրությունը՝
ազատելով այն բազմաթիվ լեգենդներից ու ստահոդ բամբասանքներից, որոնք երկար տարիներ
պտտվում են նրա անվան շուրջ: Գրքում ասվում է, որ Էմմին քայլել սկսել է դեռևս մեկ տարեկանում,
դպրոցում ունեցել է տարաձայնություններ ուսուցիչների հետ՝ իր բազմաքանակ փիրսինգների
պատճառով: Էմմիի կյանքը ճակատագրական շրջադարձ ունեցավ ապագա ամուսնուն՝ Բլեք Ֆիլդեր-Սիվիլին
հանդիպելուց հետո, ով Էմմիին ներքաշեց ուժեղ թմրանյութերի կործանարար անդունդը:
Գրքում Միթչն անդրադառնում է նաև իր՝ հոր դերին՝ քննադատական
վերլուծման ենթարկելով նաև իր պահվածքն ու դերը դստեր կյանքում: “Ես կարող էի նրան
պաշտպանել, բայց փրկել, ավաղ, անզոր էի”,- գրում է նա իր գրքում:
Նախատեսվում է գրքի 4 միլիոն տպաքանակ, սակայն ամեն ինչ կախված
է երկրպագուների ակտիվությունից: