13.08.2012

Пункт назначения 5 կամ ծփում է Սևանը

Սիրելի՛ ընթերցող, ների՛ր, եթե բացասաբար եմ ազդելու տրամադրությանդ վրա:
Օրերս Սևանում էի՝ Հայաստանի չնաշխարհիկ անկյուններից մեկում, ուր իրենց հանգիստն են գտնում ամառվա տապից խռոված, հանրապետության տարբեր անկյուններից ժամանող քաղաքացիները: Չեմ ուզում խոսել աշխարհի ամենամեծ բարձրադիր լճի աղետալի վիճակից, ափերում տիրող քաոսից ու հայ ազգի որոշ կարկառուն ներկայացուցիչների նախանձելի փնթիությունից, անգամ չեմ հիշատակելու այնքա՜ն չարչարկված լողափնյա բլուզ-շորտային նորաձևությունը, ի դեպ, այն արդեն տղամարդկանց շրջանում էլ է ակտուալ:
Խոսելու եմ մեր ազգի հերթական ֆենոմեններից: Ուրեմ այսպես. Սևանում անցկացրած մի քանի օրերն ու Երևան-Սևան մայրուղին ինձ ստիպեցին մտածել, որ մենք չունենք հստակ ձևավորված մտածողություն, մեզ անընդհատ պիտի հուշեն, զգուշացնեն, տեղեկացնեն... Լողափում աշխատող փրկարարները զարմանալի համբերատարությամբ անընդհատ զգուշացնում էին հանգստացողներին՝ չանցնել լողանշաններն ու մտածել իրենց անվտանգության մասին, երբեմն այդ զգուշացմանն արժանանում էր միևնույն "հերոսը", ով ցանկանում էր "ծովը կտրել": Ու դեռ մի բան էլ, դուրս գալով ջրից՝ դիմում էր փրկարարին հետևյալ ԿԱՌՕՆՆԻ խոսքերով՝ "էդ դո՞ւ ինձ պԴի ասես":
Թե ասա սենց "լավ" լողորդներին թողած ո՞ւմ եք տանում օլիմպիադա...
Իսկ ահա մայրուղում տիրող վիճակն իրոք սարսափ ժանրից էր: Էլ "Փախցնել 60 վայրկյանում", էլ "007 գործակալ", էլ "Ֆորսաժ", էլ ո՞րն ասեմ. բոլոր ռեժիսորներն էլ կերազեին նման կադրեր փախցնել իրենց ֆիլմերի համար: Մի խոսքով՝ 3 ավտովթար 40 րոպեների ընթացքում, և դա միայն ես հաշվեցի... Փորձե՛ք google-ում գրել "Երևան-Սևան մայրուղի", նկարները ինքնին խոսուն են...
Ուղղակի չեմ հասկանում՝ ո՞ւր են շտապում, ումի՞ց են փախչում:
Լավ, դժվա՞ր ա ըմբռնել, որ ջուրը նույնն է՝ ափին լինի, թե կենտրոնում, ու որ որքան մոտ ես ափին, խեղդվելու հավանականությունն ավելի քիչ է, որ գերազանցելով արագությունը՝ վտանգում ես ոչ միայն քո, այլև տասնյակ այլ մարդկանց կյանքեր, որ էդ անԴեր ամրագոտին միայն տեսուչներին տեսնելիս չեն ամրացնում... ու որ Սևանը ծփալու է՝ անկախ նրանից երբ կհասնես...
Ուղղակի հիշե՛ք մի պարզ ճշմարտություն ՝ ձեզ միշտ սպասող ունեք...
Երևի այսքանը: Մաղթում եմ բոլորիս հաճելի հանգիստ ու ապահով երթևեկ, իսկ կից նյութն էլ առաջարկում եմ դիտել բոլորին: Հետաքրքիր է ու օգտակար:

comments