21.02.2013

Անանուխն ավելի օգտակար է, քան դուք կարծում եք

Տարատեսակ խոտաբույսերն ու համեմունքները կարելի է օգտագործել ոչ միայն թեյին կամ ուտելիքին յուրահատուկ համ ու հոտ տալու համար: Շատերի համար դրանց օգտագործման տարբերակները չափազանց շատ են: Դրանցից շատերի մասին դուք, հնարավոր է, չեք էլ կռահել: Այսօր կխոսենք անանուխի մասին: Այս խոտաբույսը ոչ միայն հիասքանչ համ ու հոտ ունի, այլ նաև կարող է ձեզ օգտակար լինել շատ իրավիճակներում: Ստորև ներկայացնում ենք այն 15 իրավիճակները, որոնց դեպքում ձեզ անանուխն օգնության կգա:


Որովայնի ցավերի հեռացում

Անանուխն օգնում է թուլացնել մարսողական համակարգի մկանները և վերացնել ցավերը: Այդ իսկ պատճառով, եթե նյարդային հողի վրա ստամոքսն է գլուխ բարձրացնում, անանուխով տաք թեյ կամ պարզապես անանուխով և կիտրոնով գոլ ջուր խմեք:

Վարակիչ հիվանդությունների կանխարգելում

Անանուխը բավականին ուժեղ հակամանրէային հատկություն ունի: Սննդակարգում անանուխի պարբերաբար օգտագործումը ձեր օրգանիզմին կօգնի թեթև տանել կամ ընդհանրապես արգելակել վարակիչ կամ սնկային հիվանդությունները: 

Պայքար մկների դեմ

Եթե ձեր առանձնատան բակում մի քանի անանուխ տնկեք , ապա վստահ եղեք, որ մկներն ու առնետները կշրջանցեն ձեր տարածքը:

Հանգստացնող սկրաբ ոտքերի համար

Անանուխի թարմացնող հատկությունները կապված են նրանում մենթոլի պարունակության հետ, որը շատ լավ հանգստացնում է օրվա ընթացքում հոգնած ոտքերը: Անանուխի մանր կտրատած տերևները խառնեք ծովային աղի և ձիթապտղի յուղի հետ, այդ խառնուրդով շփեք ոտքերը, այնուհետև ողողեք ջրով:

Գլխացավի անցկացում

Գլխացավը հաճախ կապված է  անոթների ջղաձգության (սպազմ) հետ: Այնպես, ինչպես որովայնային ցավերի դեպքում, կօգնի անանուխով տաք թեյը կամ պարզապես անանուխով ջուրը:

Քթի փակվածության դեմ

Դժվարանու՞մ եք շնչել:  Թրմեք անանուխը եռման ջրի մեջ (կամ նորից թեյով) և ինհալյացիա կատարեք՝ շնչելով մենթոլի գոլորշին: Գործողությունը կլինի ճիշտ այնպիսին, ինչպես քթի կաթիլների դեպքում, բայց այս տարբերակը բնական է և ավելի էժան:

Հանել սթրեսը

Անանուխը հրաշալի թեթև և բնական հանգստացնող միջոց է, որը կօգնի ձեզ նվազեցնել սթրեսի մակարդակը և հանել լարվածության զգացողությունը:

Քաղցկեղի կանխարգելում

Այժմ ակտիվ հետազոտություններ են կատարվում քաղցկեղային բջիջների վրա անանուխի ազդեցության ոլորտում:  Կարծիք կա, որ այն զգալիորեն դանդաղեցնում է այդպիսի բջիջների զարգացումը: Դա հատկապես վերաբերում է մաշկի, թոքերի և հաստ աղիքի քաղցկեղին: Ներկայում ոչ մի բավարար ապացույց չկա, բայց ամեն դեպքում հնարավորություն կա, որ շուտով կհայտնվի ևս մեկ զենք այդ մահացու հիվանդության դեմ: 

Հավելում աղցաններին

Ցանկանու՞մ եք ձեր բանջարեղենային աղցանի մեջ որոշակի բազմազանություն մտցնել: Նրանում անանուխի մի քանի թերթիկ ավելացրեք: Ձեր համային ռեցեպտորները պարզապես կերգեն հաճույքից:

Կոսմետիկայի մեջ անանուխ ավելացրեք

Տնական օճառ կամ շամպուն պատրաստելը, սկզբունքորեն, այնքան էլ բարդ գործ չէ: Իսկ անանուխի հետ պատրաստված կոսմետիկան զարմանալի բույր ձեռք կբերի: Անանուխի եթերայուղ կարելի է գտնել ցանկացած հատուկ խանութում կամ պարզապես դեղատանը: Ի դեպ, յուղի կաթիլը կարելի է ավելացնել նաև գործարանային արտադրության քսուքներին և շամպուններին: 

Անանուխային սառույց

Զգում եք, որ անանուխն արդեն պետք է շտապ օգտագործել, որովհետև այն սկսում է փչանա՞լ: Դրա տերևներով սառույց պատրաստեք: Հետագայում այդ խորանարդիկները հարկ կլինի դնել ջրի, լիմոնադի կամ սառը թեյի մեջ՝ այդպիսով ըմպելիքին թարմ նոտաներ հաղորդելով:

Թարմացնող տոնիկ դեմքի համար

Մեծ ամանի մեջ սառը ջուր լցրեք և ավելացրեք անանուխի տերևներ: Մեկ ժամ պահեք սառնարանում: Այնուհետև դեմքը մտցրեք այդ անանուխային ջրի մեջ: Դուք անհավանական թարմություն կզգաք:

Թարմացրեք գորգը

Գորգի վրա չորացրած անանուխի և կերակրի սոդայի խառնուրդ շաղ տվեք, թողեք մեկ ժամ, իսկ հետո փոշեկուլով մաքրեք: Սենյակը մաքրությամբ և հանգստացող թարմությամբ կբուրի:

Պատրաստեք օդազերծիչ

Դրա համար հարկավոր է անանուխը խառնել ինչ-որ ծաղիկների թերթիկների հետ և այդ բուրումնավետ խառնուրդը դնել սենյակի մի անկյունում:

Թարմացրեք շնչառությունը

Անանուխի յուղը խառնեք կերակրի սոդայի և ջրածնի պերօքսիդի հետ. կստացվի ատամի տնական մածուկ, որը և կսպիտակեցնի ատամները, և կթարմացնի շնչառությունը: Սակայն մի տարվեք դրանով. այդպիսի խառնուրդը ոչ հաճախ է հարկավոր օգտագործել, քան շաբաթը մեկ անգամ (իսկ ավելի լավ կլինի՝ ավելի հազվադեպ), քանի որ այն քանդում է ատամների էմալը:  
comments