11.12.2012

Ամանորյա ձևավորում: Պատուհաններ:



Ողջո՜ւյն առաջին ձյանը սպասող, բայց մռայլ եղանակից բողոքող մեր սիրելի՛ ընթերցող: Դրսում դեկտեմբերն է, ու արդեն սարերի ետևում չէ Ամանորը: Երևի շատերս ենք երազում ձյունառատ ու հեքիաթային Նոր Տարվա գիշերվա մասին: Իսկ մենք առաջարկում ենք ձմեռվա հեքիաթից մի մասնիկ տեղափոխել բնակարաններ, ինչու ոչ, մեր առաջարկը կարելի է նաև օգտագործել սրճարանների ու ռեստորանների ձևավորման համար` հատկապես, որ այն գեղեցիկ է, ոչ ծախսատար ու քիչ ժամանակ է պահանջում:
Առաջարկում ենք ձմեռային ձևավորում պատուհանների համար: Իսկ ի՞նչ է հարկավոր:


1. Ատամի մածուկ /սպիտակ/ 
2. Փոքր տարա
3. Մեծ խորը տարա` ջրով
4. Լաթի կտոր
5. Սպունգ
6. Ջուր փչող շիշ
7. Թղթե փաթիլներ




Նախ և առաջ պետք է պատրաստել փաթիլներ: Կարող եք համացանցից ներբեռնել ու տպել տարբեր տեսակի փաթիլներ, այնուհետև կտրել ըստ ձևի, կամ վստահել սեփական երևակայությանը:

1.    Կտրում եք փաթիլները
2. Թրջում դրանք ջրով խոր տարայի մեջ
3. Փակցնում եք փաթիլները պատուհանին այնպես, որ դրանք ծալքեր չունենան
4. Լաթի կտորով հարթեցնում ու ամրացնում եք փաթիլները
5. Փոքր տարայի մեջ ջուր եք լցնում և խառնում եք ատամի մածուկը
6. Շատ քիչ քանակությամբ ջուր եք փչում պատուհանի այն հատվածում, որը պատրաստվում եք "ներկել"
7. Սպունգի օգնությամբ տարածում եք մածուկի խառնուրդը պատուհանի ու փաթիլների վրա
8. Մի քիչ սպասում եք, մինչ չորանա ու զգուշությամբ հեռացնում եք թղթե փաթիլները

Հեքիաթը պատրաստ է ;)

Նույն կերպ կարող եք ձևավորել տան հայելիները:


Դե ինչ, հաճելի ժամանց ու նախատոնական տրամադրություն ենք մաղթում ձեզ:

Նյութի աղբյուրը` http://cooldecor.wordpress.com/2012/12/08/let-it-snow/

comments