Աշխարհում այնքան զարմանալի ու տարօրինակ երևույթներ կան, որ դրանք արդեն պետք է որ սովորական դարձած լինեին: Սակայն արի ու տես, որ մարդու խելքի թռիչքը (այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել` անկումը) անվերջ է: Ստորև ներկայացված են ծիծաղելի, անիմաստ և որոշ դեպքերում հիմար գրառումներ ու զգուշացումներ՝ հայտնաբերված տարբեր առարկաների և ցուցանակների վրա:
Այսպես, օրինակ, Energizer մարտկոցների տուփի վրա պարզ անգլերենով գրված է. "Կուլ տալու դեպքում անհապաղ դիմել բժշկի օգնությանը": Կարելի է հետևություն անել, որ գուցե ոմանք փորձել են լիցքավորել իրենց ստամոքսները ստատիկ էներգիայով, այդ պատճառով էլ խեղճ արտադրողները ստիպված են հուշել նրանց մոտակա պոլիկլինիկայի
մասին:
Իսկ այլ՝ անվանումը չճշտված օդափոխիչ-հեղուկացիրի ("հայերեն" ասած` освежитель) տարայի
վրայի գրառումը զգուշացնում է. "Մի՛ ուղղեք հեղուկացիրը Ձեր աչքերին":
Ակամայից չարաճճի հարց է առաջանում. "Իսկ ուրիշի աչքերին կարելի՞ է": Պարզվում է՝ այո: Այնպես որ զինվեք ամբիպյուռներով և առա՜ջ…
Շատ հետաքրքիր PR քայլ են մտածել Kikkoman սոյայի սոուս արտադրողները: Սոուսի շշերի վրա գրված է. "Պարունակությունը վերջանալու դեպքում լցնել միայն Kikkoman սոուս": Դե գուցե Ամերիայում այս գրառումը անցնում է, բայց այս նույն տրամաբանությամբ
ստացվում է, որ երբ հեռուստահաղորդավարն ասում է՝ մնացե՛ք մեզ հետ, երբեք չփոխեք ալիքը:
Ահավոր ծիծաղելի և միևնույն ժամանակ սարսուռ առաջացնող ցուցանակ է հայտնաբերվել Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի մոտակա մայրուղու մի հատվածում: Նրա վրա գրված է: "Նահանգի բանտ. Մի՛ կանգնեք մարդ վերցնելու համար": Փաստորեն դեպքեր են գրանցվել, երբ բանտարկյալները, սղոցելով իրենց խցերի ճաղերը, ճղճղած սավանի կտորներով պատրաստված պարանով իջել են երրորդ հարկից, անցել են լարման տակ գտնվող պատի վրայով և կանգնել մայրուղու եզրին՝ սպասելով, որ ինչ-որ "գրդոնչի" "փափախ" կանի ու իրենց կհասցնի Ֆենիքս:
Ամերիկայի ճանապարհները ծիծաղելի ցուցանակների գանձարան է: Այդահո նահանգի մայրուղու վրա էլ կարելի է գտնել տուրիստներին զգուշացնող գրառում. "Մի ծիծաղեք բնիկ տեղացիների վրա": Մեկը լինի հարցնի՝ թե չէ ի՞նչ… Երևի պատասխանը չափազանց սարսափելի է, և այն թողնում են կարդացողի երևակայությանը: Կամ էլ առավել հետաքրքրասերներին, կրկին "հայերեն" ասած, "պռինցիպի" են գցում: Ամեն դեպքում փորձ անողներ հաստատ եղել են, բայց նրանց մասին պատմությունը ցավոք լռում է:
Աննախադեպ խորիմաստ մի նախադասություն
է զետեղված Tesco ընկերության տիրամիսու խմորեղենի տուփի տակ. ուշադրություն դարձրե՛ք "տուփի տակ" բառակապակցությանը:
Ինչո՞ւ: Որովհետև գրառումը հետևյալն է. "Գլխի վրա շուռ չտալ": Փաստորեն երբ կարդաս այդ զգուշացումը, ոչինչ այլևս հնարավոր չի լինի փոխել:
Գլոբալիզացիան
շարունակվում է: Եթե որևէ մեկը ցանկանա իմանալ, թե որտեղ է արտադրվել իր Fender կիթառը, կստանա հետևյալ տեղեկատվությունը. "Պատրաստված է ԱՄՆ-ում: Մասերը բերված են Ճապոնիայից: Հավաքված է Մեքսիկայում": Կասե՞ք՝ որ պահն էր Made in USA:
շարունակելի...