Արդեն չորրորդ հազարամյակն է, ինչ մեր մոլորակի բնակչությունը որևէ կերպ նշում է յուրաքանչյուր նոր տարվա սկիզբը: Այսօր Նոր տարվա տոնակատարությունները մեծ մասամբ սկսվում են դեկտեմբերի 31-ին՝ քրիստոնեական օրացույցի վերջին օրը, և շարունակվում հունվարի 1-ին: Այդ օրերին մարդիկ սովորաբար խնջույքներ են կազմակերպում, պատրաստում են ամանորյա ավանդական ուտեստներ, նոր նպատակներ են դնում իրենց առջև գալիք տարվա համար և վայելում հեռուստատեսային տոնական հաղորդումները: Սակայն այս՝ արդեն սովորական դարձած "արարողություններից" զատ աշխարհում կան նաև տարեմուտը նշելու այլ հետաքրքիր և ինչ-որ տեղ տարօրինակ ավանդույթներ:
Երբ խոսքը գնում է առհասարակ տարօրինակ
ավանդույթների մասին, ավստրիացիներն ու գերմանացիներն այս բնագավառում անշուշտ առաջատարներ են: Ամանորին նրանք կապար են հալեցնում և լցնում ջրով լի բաժակի մեջ: Կապարը որոշակի ձև է ընդունում, որով կարելի է գուշակել, թե ինչպես կանցնի գալիք տարին: Օրինակ շրջանը նշանակում է, որ կլոր տարի հաջողությունը կուղեկցի ձեզ, խարիսխը զգուշացնում է, որ օգնության կարիք կունենաք, իսկ խաչը մահվան նշան է:
ավանդույթների մասին, ավստրիացիներն ու գերմանացիներն այս բնագավառում անշուշտ առաջատարներ են: Ամանորին նրանք կապար են հալեցնում և լցնում ջրով լի բաժակի մեջ: Կապարը որոշակի ձև է ընդունում, որով կարելի է գուշակել, թե ինչպես կանցնի գալիք տարին: Օրինակ շրջանը նշանակում է, որ կլոր տարի հաջողությունը կուղեկցի ձեզ, խարիսխը զգուշացնում է, որ օգնության կարիք կունենաք, իսկ խաչը մահվան նշան է:
Այնքան էլ հաճելի չէ տեսնել՝ ինչպես են վառում որևիցե մեկի լուսանկարը, սակայն Էկվադորում սա իրական "ֆիեստա" է: Այս լատինամերիկյան երկրի բնակիչները հավաքվում են անցնող տարին խորհրդանշող նկարներով և այրում դրանք: Այս եղանակով նրանք ազատվում են անցյալից: Նոր տարվա գիշերը ամբողջ երկիրը լուսավորված է նման խարույկներով:
Իսկ ահա մեքսիկացիները փորձում են ապահովել գալիք տարվա իրենց երջանկությունն՝ Ամանորին գույնզգույն ներքնազգեստ հագնելով: Նրանք, ովքեր ուզում են սեր գտնել նոր տարուն, պետք է կրեն կարմիր ներքնազգեստ, իսկ հաջողություն փնտրողները՝ դեղին:
Ի տարբերություն մեքսիկացիների, ովքեր միայն սեր ու հաջողություն են ցանկանում ձեռք բերել նոր տարուն, ֆիլիպինցիները նաև ֆինանսական նկրտումներ ունեն: Գուցե դա էլ երջանկություն գտնելու մեկ այլ միջոց է: Ինչևէ, այդ նպատակին հասնելու համար Նոր տարվա շեմին նրանք օղակաձև նախշերով հագուստ են կրում: Երևի ծիծաղելի տեսք կունենան, սակայն, ո՞վ գիտի, միգուցե նրանցից ոմանք գալիք տարում ՀԴՄ-ի կտրոններով միլիոններ շահեն:
Մարդկային սնահավատությունը իրավամբ տարօրինակ է: Թուրքերը համոզված են, որ բարեգործությունը և դրամահավաքը նրանց երջանկություն կբերի նոր տարում: Ճիշտ է, նոր ընկերուհի կամ BMW Ձմեռ Պապիկը նրանց դժվար թե բերի, բայց անշուշտ կլինեն մարդիկ, ովքեր մի փոքր ավելի երջանիկ կլինեն այդ միջոցառումների արդյունքում:
Կա նաև մի ավանդույթ, որից մարմնով սարսուռ է անցնում: Չիլիական Տալկա քաղաքի բնակիչները ամանորյա մեծ խնջույք են կազմակերպում: Իսկ դրա ավարտից անմիջապես հետո գնում են գերեզման, դնում են իրենց աթոռները և հանգուցյալների հետ դիմավորում են Նոր տարին: Ահա՝ ինչպես կարելի է հավերժ նշել Ամանորը:
Եվս մեկ չափազանց տարօրինակ ավանդույթ: Չնայած կրկին վերադառնում ենք Գերմանիա, այնպես որ այստեղ ոչինչ էլ տարօրինակ չէ: 1972 թվականից սկսած յուրաքանչյուր տարի ամանորյա գիշերը գերմանացիները դիտում են "Ընթրիք մեկ անձի համար" բրիտանական շոուն: Եվ մինչև հիմա էլ անհայտ է, թե ինչպես է ձևավորվել այս ավանդույթը:
Իսկ այս ավանդույթը բավականին նման է մեքսիկականին, սակայն այս դեպքում շատ կարևոր է, թե երբ են հագնում ներքնազգեստը: Բոլիվիայի բնակիչները պետք է դեղին ներքնազգեստ գնեն և սպասեն մինչև կեսգիշեր: Ուղիղ կեսգիշերին նրանք վազում են որևէ տեղ, որտեղ կարող են փոխել իրենց ներքնազգեստը և գալիք տարվա ճակատագիրը:
Երևի կզարմանաք, ոմանք էլ նույնիսկ կզայրանան, եթե հունվարի 1-ին արթնանաք և ձեր տան դռան դիմաց կոտրված սպասք հայտնաբերեք: Բայց պատկերը մի փոքր այլ է, եթե դուք ապրում եք Դանիայում: Այստեղ մարդիկ սովորություն ունեն ողջ տարվա ընթացքում պահել և հավաքել հին ափսեներ և բաժակներ: Նպատակը հետևյալն է. Նոր տարվա գիշերը նրանք այդ սպասքը գցում են իրենց ընկերների դռների մոտ: Եվ հունվարի 1-ին կարելի է այդ ափսեների կույտի մեծությունից հասկանալ, թե այս տանը ապրող մարդը ինչքան ընկեր ունի:
Իռլանդիայի միայնակ կանայք անհամբեր սպասում են ամանորին, որովհետև Նոր տարվա գիշերը հնարավորություն ունեն գտնել իրենց կյանքի երկրորդ կեսին: Նրանք մզամուրճի տերևներ են դնում իրենց բարձի տակ՝ հուսալով, որ մոտ ապագայում կամուսնան:
Գուցե ամենահաճելի ավանդույթը պատկանում է ամերիկացիներին: Ամանորի կեսգիշերին սիրահարները կրքոտ համբույր են նվիրում միմյանց: Նրանք հավատում են, որ այս "գործողությունը" նրանց իսկական սեր կբերի և գալիք տարին կդարձնի անչափ գեղեցիկ: Այդ համբույրը ջնջում է վատ հիշողությունները և անցյալի սխալները ու նշանավորում է սիրով լի տարվա սկիզբ:
Վերադառնալով ամուրի կանանց թեմային՝ պարզվում է, որ Բելառուսի միայնակ կանայք ամանորին մրցում են միմյանց հետ: Խաղերից մեկում, օրինակ, յուրաքանչյուրի առջև դրվում է մի բուռ ցորեն: Եվ ում ցորենին առաջինը մոտեցավ աքաղաղը, նա էլ առաջինը կամուսնանա:
Իրականում ամանորյա տարօրինակ և հետաքրքրաշարժ ավանդույթները այսքանով չեն սահմանափակվում, սակայն մի թևավոր խոսք կա. "Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան տաս անգամ կարդալ այս հոդվածը": Արե՛ք ձեր հետևությունները և եղե՛ք երջանիկ 2013 թվականին: