21.12.2012

Աշխարհի՛ վերջ, բա ո՞ւր ես...


Մայաների օրացույցը, որի մեծ շրջաններից մեկն ավարտվում է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին, անթիվ վարկածների հիմք է հանդիսացել, որ հենց այդ օրը տեղի է ունենալու աշխարհի վերջը, ոմանք նույնիսկ ճշգրիտ ժամ են նշում՝ 14:11 (Երևանի ժամանակով):

Վարկածներից մեկը պնդում է, որ այդ օրը մեր գալակտիկայի տիեզերական մարմինները կհայտնվեն մեկ գծի վրա, և Արեգակի ու մեր գալակտիկայի կենտրոնում տեղակայված Աղեղնավոր Ա կոչված սև անցքի միջև առաջացած ձգողականության հետևանքով երկրագնդի վրա քաոսային իրավիճակ կստեղծվի:

Գիտնականների մեկ այլ խումբ առաջ է քաշում բևեռների տեղաշարժման վարկածը, ինչի հետևանքով հյուսիսային և հարավային մագնիսական բևեռները կփոխեն իրենց դիրքը: Այլ գիտնականներ էլ համոզված են, որ
երկրագնդի մագնիսկան դաշտերի փոփոխման ժամանակն արդեն վաղուց անցել է: Եթե նույնիսկ այդ գործընթացն սկսվի, այն կարող է տևել մոտ 5000 տարի, բայց դրա համար որևէ օր նշանակված չէ:

NASA-ի գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրել են դեկտեմբերի 21-ին Աշխարհի վերջ տեղի ունենալու հավանականությունը և եկել են այն եզրակացության, որ 2012 թվականի դեկտեմբերի 21-ը լինելու սովորական ձմեռային արևադարձի օր: Իրականում ոչ մի գիտական ապացույց չկա, որ դեկտեմբերի 21-ին կարող է մասշտաբային աղետ տեղի ունենալ:

Ինչ վերաբերում է մոլորակների՝ մի գծով շարվելու վարկածին, որի հետևանքով Աշխարհի վերջ կլինի, գիտնականները պնդում են, որ մոտակա երկու տասնամյակում նման երևույթ չի սպասվում: Եթե նույնիսկ նման բան տեղի ունենար, մեր մոլորակի վրա դրա ազդեցությունը չնչին կլիներ:

NASA-ի փորձագետները պնդում են նաև, որ բևեռների տեղափոխության վարկածը պարզապես անընդունելի է: Չնայած՝ ժամանակի ընթացքում մայրցամաքները շարժվում են, մագնիսականության փոփոխման հավանականությունը մոտակա հազարամյակների ընթացքում չափազանց ցածր է:

Գիտնականների եզրակացությունն այն է, որ մայաների օրացույցի ավարտը Աշխարհի վերջ չի կանխագուշակում, այլ պարզապես ավարտվում է մայաների երկարատև հաշվարկների մի շրջանը: Այդ օրացույցը անիվի տեսք ունի, և երբ հասնում ենք անիվի վերջին, նոր շրջան է սկսվում, ինչպես մեր ժամանակակից լուսավորչական օրացույցն է ամեն տարի սկսվում հունվարի 1-ից:

comments