11.12.2012

Ռեզյումեում արված սխալներ, որոնք կփչացնեն ձեր կարիերան


Ենթադրենք՝ դուք իդեալական թեկնածու եք. համապատասխան կրթություն, աշխատանքային փորձ և օտար լեզուների իմացություն: Բայց եթե դուք ռեզյումեն ուղարկեք beautifulprincess@...ru էլեկտրոնային փոստից և այն ընկերության անվանումը, որին ուղարկում եք ռեզյումեն, տառասխալներով գրեք, ուրեմն ձեր կարիերան այդ ընկերությունում կարող եք ավարտված համարել. ձեզ նույնիսկ հարցազրույցի չեն կանչի: Ստորև ներկայացվում են այն բոլոր հիմնական սխալները, որոնցից հետո ռեզյումեն գործատուի «թեթև ձեռքերով» անմիջապես կհայտնվի աղբարկղում:


«Սմայլիկ»



Առաջին հայացքից կարող է թվալ, թե սմայլիկը կենդանացնում է ռեզյումեի չոր տեքստը, բայց գործի մեջ այն կխորտակի: Այս նուրբ սիմվոլը զգացումների արտահայտչամիջոց է, որը պետք չէ աշխատանքային հարաբերություններում գործածել: Անծանոթ մարդկանց կամ պաշտոնով և տարիքով բարձր անձանց նկատմամբ անտեղի բարյացակամությունն անթույլատրելի է:

Հմտություններ, որոնք աշխատանքի հետ կապ չունեն



«Տնային գործերից հրաշալի գլուխ հանելը», «հագուստի հիանալի ճաշակ ունենալը» կամ ըմբշամարտի նկատմամբ մեծ սերը, հնարավոր է, մեկ անգամ չէ, որ ձեզ օգնել են դժվարին պահերին, այդ պատճառով դրանց մասին միշտ ցանկալի է խոսել: Բայց, ցավոք սրտի, գործատուին հետաքրքրում են բացառապես ձեր այն հմտությունները, որոնք դուք կարող եք օգտագործել աշխատանքի ընթացքում: 

Հումորային լուսանկար



Մասնագետների կողմից անցկացված հարցումներից պարզվել է, որ ռեզյումեին կարող է կցվել քաղաքակրթության սահմաններում արված ցանկացած լուսանկար, սակայն հումորային լուսանկարներին լուրջ չեն վերաբերվում:

Զարդարանքներ, ծաղիկներ և կենդանիներ



Աշխատանք որոնողները հաճախ են իրենց մասին տեղեկատվությունը ռեզյումեների մեջ ներկայացնում տեքստային դեկորացիաների տեսքով: Եվ գործատուի մոտ, փաստերը վերլուծելու փոխարեն, հարց է առաջանում՝  «Նա ինչու՞ է այդպիսի զարդանախշեր ընտրել ռեզյումեի համար: Ի՞նչ է ցանկացել դրանով ասել»: Ռեզյումեում չստանալով անհրաժեշտ պատասխանը, ընկերության կադրային գործակալը փաստաթուղթը աղբարկղն է նետում:

Սուտ



HR-պատմությունը գիտի բոլոր այն դեպքերը, թե երբ է թեկնածուն պնդում, որ ինքը խոսում է, ենթադրենք, անտարկտիդերեն: Պետք է միշտ հիշել, որ ցանկացած սուտ վերջիվերջո ջրի երես է դուրս գալիս: Բացի այդ, մասնագիտական աշխարհն այնքան էլ լայնածավալ չէ, որքան թվում է: Ձեր և ձեր իմացած օտար լեզուների մասին միշտ կարելի է հեշտությամբ ստուգում անցկացնել:

Քերականական սխալներ



Թեկնածուն նշել է, որ ինքը բացարձակ գրագետ է և ուշադիր մանրուքների նկատմամբ: Այդուհանդերձ, նա ռեզյումեի մեջ սխալներ է թույլ տվել: Միշտ հիշեք, որ աշխատանքի ընդունման ժամանակ մանրուքներ չեն լինում: Սխալները խոսում են անփութության, անուշադրության և գործի նկատմամբ պակաս հետաքրքրություն ցուցաբերելու մասին: Այդպիսի ռեզյումեն գնում է ուղիղ աղբարկղ:

Չափազանցված բարձր և ցածր ինքնագնահատական



Հանդիպում են ռեզյումեներ, որտեղ թեկնածուն նշում է, որ պատրաստ է անվճար աշխատանքի անցնել, հենց այնպես, քանի որ հետաքրքրված է պաշտոնով: Մի կողմից անվճար աշխատողը գործատուի համար դրամախնայողության  միջոց է, իսկ մյուս կողմից գործատուն պատրաստվում է ընկերությունում աշխատանքի վերցնել մի մարդու, ով գնահատում է ինքն իրեն և իր աշխատանքը: Դժվար թե այդպիսի քայլը կարողանա ընկերության օգտին գնալ: Սակայն նաև հակառակ դեպքերն են հանդիպում. չափազանց բարձր ինքագնահատականով թեկնածուները ընկերությանն են առաջարկում այցելել իրենց տուն և հարցազրույց վերցնել: Եթե դուք աշխատանք եք փնտրում,  հեռանկարային գործատուին նման առաջարկ երբեք մի արեք:

Ուղեկցող նամակի բացակայություն



Ինչպես ցանկացած մարդ, գործատուն ևս ցանկանում է իրեն միակն ու անկրկնելին զգալ: Նրան յուրահատուկ տպավորություններ պարգևել դուք կարող եք՝ ուղեկցող նամակ գրելով: Այնտեղ անհրաժեշտ է բացահայտել ձեր նպատակները, և իհարկե ցույց տալ, որ դուք ցանկանում եք աշխատել հենց այդ պաշտոնում և հենց այդ ընկերությունում: Լավ շարադրված ուղեկցող նամակն այն բանի գրավականն է, որ ձեր ռեզյումեն գոնե կկարդան: Երբեմն ուղեկցող նամակը հանդիսանում է այն միակ փաստաթուղթը, որը գործատուն, հոգնած միօրինակ ռեզյումեներից, ցանկանում է ընթերցել: 

Խառնաշփոթություն



Շատ կարևոր է, որ ռեզյումեն, համապատասխանելով ընդունված հասարակական նորմերին,  հստակություն և պարզ կառուցվածք ունենա: Չէ՞ որ ձեր ռեզյումեն հասկանալու համար կադրային գործակալը կարող է երեսուն վայրկյանից էլ քիչ ժամանակ ծախսել, և այդ ընթացքում նա պետք է հասցնի հասկանալ՝ արժե ձեզ նշել՝ որպես հեռանկարային հետաքրքիր թեկնածու, թե՞ ոչ: 

Տվյալների ժամանակացույց



Ժամանակացույցը պետք է կառուցել՝ սկսելով ձեր վերջին աշխատատեղից, որպեսզի այն բոլորից բարձր լինի: Ցանկալի աշխատանքը, ակնկալվող աշխատավարձի չափը լավ կլինի նշել անմիջապես անուն, ազգանունից, հետադարձ կապի տվյալներից և բնակության վայրը նշելուց հետո:

Ոչ մի բառ ներկայի մասին



Շատ դեպքերում ռեզյումեն իրենից ներկայացնում է անցյալի նկարագրություն և ոչ մի բառ ներկայի ու ապագայի մասին. «աշխատել եմ ինչ-որ տեղ, եղել եմ օֆիսում այսինչից այնինչ ժամանակահատվածում»: Բայց, ի վերջո, գործատուի համար այնքան էլ կարևոր չէ, թե դուք որտեղից եք եկել: Նրան հետաքրքրում է, թե դուք դեպի ուր եք շարժվում և ով եք ուզում դառնալ:

comments